ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը տարեկան մինչև 500 մլն դոլար է ստանում իր վերահսկած տարածքով աֆղանական հերոինի տարանցումից՝ հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին։ «ԴԱԻՇ-ի վերահսկող տարածքում թմրանյութի մուտքի ու ելքի գինը տարբերվում է։ Այդ տարբերությունն էլ մնում է հանցավոր խմբավորումներին, որ զենքը ձեռքներին կռվում են մարդկության դեմ»,- նշել է նա։ Ահաբեկիչների համար եկամտի հիմնական աղբյուրը նավթի վաճառքն է։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաշվել էր, որ ԴԱԻՇ-ը միայն այս տարի նավթամթերքի մաքսանենգությունից ստացել է 500 մլն դոլար։ Տարբեր տվյալներով՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում օրական 25-40 հազար բարել նավթ է արդյունահանվում։